Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
20.12.2019 | 00:37
Խորհրդային տարիների վերջում էլեկտրոնային արդյունաբերության գործարաններում կատարվող արտադրական ժուլիկությունները հասել էին իրենց գագաթնակետին, ոչ ոք չէր ցանկանում ընդունել արտադրության մեջ թույլ տված սեփական սխալները, որոնք պատճառ էին դարձել ռազմական տեխնիկայի խափանումների ու բերել խոշոր աղետների: ԽՍՀՄ տարբեր ծայրերում շահագործվող ռազմական տեխնիկայի մեջ շարքից դուրս եկած բոլոր տեսակի ռադիոդետալները պարտադիր կարգով գալիս էին «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ դիագնոստիկայի լաբորատորիա՝ դեֆեկտների հայտնաբերման, դրանց առաջացման պատճառների ուսումնասիրության, հետագայում դրանց կրկնումը բացառող միջոցառումների պլանները մշակելու համար:
Սեփական սխալների ընդունումը, որոնց պատճառով տեղի էին ունեցել ռազմական տեխնիկայի այս կամ այն աղետները, արդեն դատավճիռ էր՝ արտադրության ղեկավարների ու տնօրենների համար, ոչ ավելի, ոչ պակաս, նրանց կարող էին պաշտոնից ազատել, կուսակցությունից հեռացնել և ռազմական տրիբունալի առաջ կանգնեցնել: Գործարանի տարածքում իրեն «կարոլ» համարող տնօրենը կարող էր զրկվել բոլոր արտոնություններից, դառնալ զրո՝ զրկվելով անվան, պատվի ու իրավունքների ռեաբիլիտացիայի որևէ հնարավորությունից: Խորհրդային ռազմական արդյունաբերության մեջ աշխատող ղեկավարները սխալվելու իրավունք չունեին, իսկ տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգացման հիմքում դրված էր սխալների պարզման, ընդունման ու շտկման պրակտիկան, метод проб и ошибок՝ ռուսերենով և Cut and try method անգլերենով: Այսօրինակ խստությունները գալիս էին ստալինյան ժամանակաշրջանից, երբ ցանկացած սխալ ընդունվում էր որպես դիվերսիա, իսկ մեղավորները դաժանորեն պատժվում էին: Ստալինն այն կարծիքին էր, որ ամեն ինչ կանխատեսելի է ու պետք է պլանավորվի, արտադրությունից բացի պետք է պլանավորվեն նաև գիտությունն ու գիտության արդյունքները, թե որ գյուտից կամ հայտնագործությունից հետո որ գյուտերն ու հայտնագործություններն են ծնվելու: Դա հնարավոր չէ, գիտությունը պլանավորել չի լինի, որպես կանոն գիտական արդյունքները առաջանում են պատահականության քմահաճույքով, որտեղ առանձնահատուկ տեղ ու դեր են ունենում նաև մարդկային սխալները: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ սխալների վերլուծությունը թույլ է տվել գիտական խոշոր հայտնագործություններ կատարել: Վերցնենք Իսահակ Նյուտոնի խնձորի պատմությունը: Այն, որ խնձորը ծառից ընկավ հենց Նյուտոնի գլխին, ու, հավանաբար, խիստ ցավեցրեց, պատահականություն էր, բայց մտածելու առիթ դարձավ, ինչը 1687 թվին ավարտվեց տիեզերական ձգողականության օրենքի հայտնագործմամբ: Պատահական սխալն էր պատճառը, որ Վիլհելմ Ռենտգենը 1895 թվին հայտնագործեց X- կամ ռենտգենյան ճառագայթը: Ժամանակակից արդյունաբերության մեջ ամենուր կիրառվող կաղապարման տեխնոլոգիաների ստեղծումը ևս կարող էր պատահական դիտարկման արդյունք լինել. բոբիկ նախամարդը ոտքը դրեց ցեխին, մի հստակ հետք թողեց, հետո անձրև ու ձյուն տեղաց, սառույց առաջացավ ու գարնանը պարզվեց, որ ոտքի հետքի տեղն առաջացած սառույցի կտորը շատ նման է մարդու ոտքին, դա արդեն բնական կաղապարն էր ու կաղապարման տեխնոլոգիական պրոցեսի սկիզբը: Այնպես որ ընկեր Ստալինը, Խրուչովը և Բրեժնևը չէին հասկացել ու կարևորել մարդկանց կողմից թույլ տրված արտադրական սխալների կարևոր դերն ու նշանակությունը՝ ԽՍՀՄ գիտության, տեխնիկայի, արդյունաբերության ու ընդհանուր տնտեսության զարգացման գործում, մարդկանց պատժում էին արտադրական սխալներն ընդունելու համար՝ ինչ-որ ձևով խրախուսելու փոխարեն:
Մոսկվայում սովորելու տարիներին մի կոպիտ սխալ էի թույլ տվել, սպասում էի, որ իմ գիտական ղեկավար Նիկոլայ Գորյունովը ինձ նախատելու, անգամ պատժելու է: Գորյունովը Վորոնեժից բերել էր KT-801 տիպի խորհրդային առաջին հզոր տրանզիստորների փորձնական նմուշները, որոնք նախագծվել ու արտադրվելու էին Ամերիկայի նախագահ Նիքսոնի այցի առիթով Մոսկվայի Կալինինի պողոտայում տեղադրվելիք աշխարհի ամենամեծ հեռուստաէկրանի համար: Տրանզիստորները երկար չէին աշխատում, շատ արագ փչանում էին, և մենք պետք է պարզեինք դրա պատճառները։ Դա լինելու էր իմ առաջին պատասխանատու փորձնական հետազոտությունը:
Ես հավաքեցի փորձարկման էլեկտրոնային սխեման, որտեղ կոպիտ սխալ էի թույլ տվել, ռեզիստորների սխալ ընտրության պատճառով 40 Վոլտի փոխարեն կոլեկտորին 80 Վոլտ լարում էի տվել: Չափման ժամանակ բոլոր տրանզիստորները ծակվեցին ու շարքից դուրս եկան, մնացի շիվար, լաբորատորիայի աշխատակիցներին դրեցի անհարմար դրության մեջ։ Ի՞նչ անել։ Հանձնարարությունը կատարելու համար արդեն ժամանակ չէր մնացել։ Գորյունովն էլ անպայման կստանար իր պատիժը՝ առնվազն կուսակցական նկատողության տեսքով՝ Կրեմլի կարևոր հանձնարարությունը անփորձ երիտասարդին վստահելու և ձախողելու համար:
Գորյունովն ինձ չպատժեց, մի թթու խոսք անգամ չասաց, նա նախաձեռնեց գիտահետազոտական աշխատանքների մի նոր ցիկլ, որի նպատակը հետևյալն էր. որոշել տարբեր տիպի, նաև KT-801 տրանզիստորների, կիսահաղորդչային սարքերի լարում-հոսանք բեռի սահմանային արժեքները, թե տվյալ սարքը որքան կդիմանա՝ մինչև շարքից դուրս գալը, այդպիսի փորձարկումների համար նա մտցրեց «граничные испытания» նոր հասկացությունը:
Այդ դեպքից հետո հետագա աշխատանքները ես կատարել եմ մեծ պատասխանատվությամբ ու բարձր հուսալիությամբ, որպեսզի նախ Գորյունովին չգցեմ անհարմար դրության մեջ, և հետո չգցեմ հայերի պատիվը:
Կարևոր հանձնարարությունների ցանկացած ձախողումների դեպքում սկզբում քննում էին աշխատանքների իմ մասը, որովհետև ինստիտուտի գիտական խմբերի միակ ոչ ռուսն էի և ցուցակում առաջինն էի՝ Амазаспян ազգանունով: Իմ նկատմամբ Գորյունովը մանկավարժական շատ նուրբ քայլ կատարեց, որը ես ընդունեցի ի գիտություն և ըստ արժանվույն, հետագայում, նման իրավիճակներում, նույն վարվեցողությունը ցուցաբերեցի իմ ուսանողների, ասպիրանտների, ինժեներների ու բանվորների նկատմամբ: Առաջին արևային սարքերը ես տեղադրել էի Զոովետի հանրակացարանների բակի բաց տարածքում: Մի անգամ հեռախոսով հայտնեցին, որ երեխաները սարքերի հայելիները քարերով ջարդում են, գնացի ու ի՞նչ տեսա. 6-10 տարեկան երեխաները քարերով ջարդում էին արևային սարքի հայելիները, մյուս օրը «Հայէլեկտրո» գործարանի տնօրեն Կարեն Դեմիրճյանն էր գալու՝ մեր նոր սարքերը տեսնելու համար: Ի՞նչ անեմ, հիշեցի Գորյունովին, թե նման դեպքում նա ինչ կաներ, վստահաբար երեխաներին չէր կոպտի:
-Երեխաներ, հայելիները ինչու՞ եք ջարդում:
-Հորեղբայր, խաղալու համար ենք հանում, իրար վրա շող ենք գցում:
-Դրանք մի ջարդեք, գնանք, խաղալու համար ես ձեզ ավելի լավ հայելիներ կտամ:
Երեխաներին տարա մեր տուն, յուրաքանչյուրին երկուական հայելի նվիրեցի, դրանից հետո նրանք դարձան արևային սարքերի իմ հրեշտակ պահապանները, մեր կամավորականները:
Հաջորդ օրը մի տղա եկավ, թե մեր բաղնիքում հայելի չունենք, կարո՞ղ եք ավելի մեծ հայելի տալ: Իհարկե, տվեցի, գործարանից մի լավ հայելի բերեցի ու նվիրեցի փոքրիկ տղային, ամեն ինչ ավարտվեց սիրով ու համերաշխությամբ, նույն օրը մենք միասին վերականգնեցինք հայելիներն ու ժամը 22-ին դիմավորեցինք Կարեն Սերոբովիչին։ Արդեն ուշ էր, բայց լավ լիալուսին էր, արևային մեր առաջին սարքի աշխատանքի սկզբունքը բացատրեցի՝ լուսնի լույսը ֆոկուսացնելով:
-Սա ի՞նչ կանի, լույսի լույսով մի կոֆե էլ չի եփի:
Լույսի լույսով մի բաժակ սուրճ եփելու գաղափարը 1995-ից ինձ հանգիստ չէր տալիս, մտածում էի՝ կարելի է ավելի հզոր արևային համակարգ ստեղծել և տուրիստների համար լիալուսնի օրերին սուրճ պատրաստել։
Գինեսի գրքում մեր տեղը երաշխավորված կլինի:
Մենք, առավել ևս այսօր, ունենք համախմբման, սեր ու համերաշխություն հաստատելու, վերջապես գործի անցնելու, թույլ տված սխալները ուղղելու, Հայաստան երկիրը միասնական ուժերով ոտքի հանելու պատմական առաքելությունն իրականացնելու հրամայականը:
ԽՍՀՄ-ում աշխատանքային անբնական հարաբերություններ էին ձևավորվել։ Ռազմական արդյունաբերության ոլորտներում կասկածանքի մթնոլորտ էր տիրում։ Հզոր կայսրության տնտեսությունը, գիտությունն ու արդյունաբերությունը ինքնահոսի էին մատնված։ Երկրի կուսակցական-բյուրոկրատական ղեկավարությունը գործում էր մակերեսային, սիրողական աշխատաոճով՝ տեխնիկական ինտելիգենցիային ու պրոֆեսիոնալ հանրությանը ստիպելով շարժվել իր դարն ապրած պատկերացումներով, ինչպես ասում են՝ սեփական քթի ջրով։ Նույն պրոցեսն այսօր տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի օրինակով:
Սեփական սխալների ընդունումը կարևոր նշանակություն ուներ էլեկտրոնային սարքերի հուսալիության բարձրացման գործում, որովհետև հնարավոր էր դարձնում հասկանալ այն երևույթները, որոնք դառնում էին խափանումների օբյեկտիվ պատճառներ, ինչը, իր հերթին, հնարավորություն էր տալիս արդյունավետ միջոցներ կիրառել սարքերի կոնստրուկտորական տեխնոլոգիական թերությունները վերացնելու, արտադրական պրոցեսների մեջ ուղղումներ մտցնելու համար այնպես, որ հետագայում հեռու մնային կորուստներից ու աղետներից։ Դա էր խորհրդային էլեկտրոնիկայի զարգացման բնական ճանապարհը, որը մերժում էր Կրեմլը:
Իրենց թերությունները չընդունելու պրակտիկան լավ էին յուրացրել Երևանի «Ավիակոմպլեքս» գործարանում և ոչ միայն այնտեղ: Թույլ տված սխալները ուրիշների վրա բարդելու համար դիտավորյալ փչացվում ու, որպես մատակարար գործարանի խոտան, ներկայացնում էին Արտաշատի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ՝ դիագնոստիկ հետազոտություններ կատարելու ու էլեկտրոնային սարքերի (տվյալ դեպքում ավիացիոն էլեկտրոնիկայի) խափանման իրական պատճառները պարզելու համար: Նման դեպքերում պետք էր պարզել խարդախության հնարավորությունը՝ օգտագործված էլեկտրոնային սխեմաները փչացել են արտադրող գործարանի սխալների՞ պատճառով, թե՞ դրանք խոտանի են վերածվել հատուկ դիտավորությամբ՝ բանակի, հիմնականում ռուս, բարձրաստիճան զինվորականության հետ համատեղ: Վերջիններս էլ խնդիրներն էին լուծում՝ փախչելով իրենց հսկողության տակ գտնվող արտադրությունների նկատմամբ վատ հսկողություն իրականացնելու պատասխանատվությունից։ Նրանք նաև խոշոր չափի կաշառքներ էին վերցնում: Բրեժնևի տարիներին զինվորականության մեջ դեգրադացիան արդեն կայացած փաստ էր: Պատմեմ բառերս հաստատող մի դեպք: 1989 թվին «Պատվիրատու» «Էլեկտրոնստանդարտ» էր ուղարկվել Երևանի «Տրանզիստոր» ԳԱՄ-ի արտադրության հզոր տրանզիստորների մի խմբաքանակ, որոնք անհաջող կլիմայական փորձարկումներից հետո տանկային էլեկտրոնիկան արտադրող գործարանը խոտան է ճանաչել: Տանկային էլեկտրոնիկայի հարցերով զբաղվում էր Վոլոգդայի «Նարտեքս» ԳԱՄ-ը: Ես անձնական լավ հարաբերություններ եմ ունեցել տանկերի համար էլեկտրոնիկա նախագծող Ռուդոլֆ Վինկեի հետ, որը ծագումով գերմանացի էր: Իրենց փչացած սխեմաների անալիզը նրանք կատարում էին Մոսկվայի «ԾԼհԼհ»-ի լաբորատորիայում՝ Գորյունովի մոտ, շատ բծախնդիր էր, իր նախագծած սարքերը հասցրել էր հուսալիության ամենաբարձր աստիճանի: Ռազմական տեխնիկայի մեջ օգտագործվող բոլոր էլեկտրոնային սարքերը պարտադիր կարգով անցնում էին փորձարկումների ամբողջական շարք, որոնց հայկական արտադրության տրանզիստորները չէին դիմացել, խոտանվել էին ջերմաստիճանային ցիկլիկ փորձարկումների ժամանակ (ՑպՐՎՏՓՌՍսՌՐՏՉՈվՌպ)՝ -70-ից +180 oC դիապազոնում: Փորձարկվող սարքերը սառը միջավայրից անցնում են տաք միջավայր և հակառակը, ջերմաստիճանի ցիկլիկ ազդեցության տակ նրանք պետք է դիմանան ու պահպանեն իրենց աշխատունակությունը, ցիկլերի թիվը կախված է սարքերի նկատմամբ դրված պահանջների խստությունից: Հայկական արտադրության տրանզիստորների նկատմամբ պահանջները առավել խստացված էին, որովհետև դրանք օգտագործվում էին Տ-72 տանկերի հրանոթների ստաբիլիզատորների ավտոմատ կառավարման համակարգերում: Մարտի ժամանակ տանկը, անկախ ճանապարհի խորդուբորդություններից ու շարժման արագությունից, պետք է կարողանա ճշգրիտ նշանառության տակ պահել հակառակորդին ու խոցել ցանկացած պահին:
Նշեմ, որ այդ տրանզիստորները նախագծվել էին Հայաստանում՝ միավորման գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Վարդանյանի ղեկավարությամբ։ Չորս տարի անց այդ աշխատանքները տեղ էին գտել Վարդանյանի դոկտորական դիսերտացիայում: Փորձաքննությանը ներկայացված բոլոր տրանզիստորների սիլիցիումային բյուրեղները բառիս բուն իմաստով փշրված էին։ Բյուրեղի իրական վիճակն առավել ճշգրիտ բնութագրելու նպատակով ասեմ՝ դրանք ուղղակի խշրված էին, աշխատելու հնարավորությունը բացառված էր, հավասար էր զրոյի: Ջերմային փորձարկումների ժամանակ հաճախ էին պատահում տարբեր տիպի սարքերի խափանման դեպքերը՝ 100-ից մեկ-երկու դեպք, բայց այստեղ ամեն ինչ արտառոց էր, փորձարկման ենթարկված բոլոր 100 տրանզիստորներն էլ շարքից դուրս էին եկել, աշխատող ոչ մի տրանզիստոր չէր մնացել: Երևանի արտադրության տրանզիստորները չէին կարող աշխատել, որովհետև նախագծման ժամանակ թույլ էին տրվել կոնստրուկտորական ու տեխնոլոգիական բնույթի կոպիտ սխալներ: Ես հետագայում կանդրադառնամ տրանզիստորների նախագծման ու արտադրության իմ հարուստ փորձին, բայց այս դեպքում ինձ համար անհասկանալի մնաց «Տրանզիստոր» ԳԱՄ գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանի ու գլխավոր ինժեներ Գագիկ Մակարյանի դիրքորոշումը։ Ինչպե՞ս էին համարձակվել այդքան անփույթ կազմակերպել անչափ պատասխանատու կիրառության համար նախատեսված տրանզիստորների նախագծման ու արտադրության գործը: Ակնհայտ էր, որ տրանզիստորների կոնստրուկտորական թերությունները կարող էին բացահայտվել առաջին իսկ ջերմային փորձարկումների ժամանակ «պատվիրատուի» հետ միասին:
Պահանջվող փորձարկումները կամ չէին անցկացվել, կամ էլ, ինչը նման դեպքերում ավելի հավանական էր, փորձարկումների բացասական արդյունքները թաքցվել էին՝ կոռուպցիոն համաձայնության գալով միավորման «военпред», փոխգնդապետ Սուխոռուկովի հետ: Երևանում նախագծված տրանզիստորի նոր կոնստրուկցիայի մոտ սիլիցիումային բյուրեղը անմիջապես դրված էր պղնձե ջերմահեռացնող կորպուսի վրա՝ առանց մոլիբդենային միջանկյալ թիթեղի: Էլեկտրոնային արդյունաբերության գործարաններում արտադրված տարբեր տիպի հզոր տրանզիստորների մեջ պարտադիր կարգով նախատեսված էր մոլիբդենային անցումային էլեմենտների կամ, այսպես կոչված, օգտագործումը, ջերմային կոմպենսատորներ, որոնց գծային ջերմային ընդարձակման գործակիցը շատ մոտ է սիլիցիումի նույնատիպ պարամետրին, կազմում է 5.10-6/oC՝ սիլիցիումի 5,1.10-6/oC-ի դիմաց: Պղնձի մոտ այդ ցուցանիշը կազմում է 16,6.10-6/oC: Ջերմային ընդարձակման պարամետրի տեսանկյունից պղնձն ու սիլիցիումը անհամատեղելի նյութեր են, չեն կարող ջերմային կոնտակտ կազմել և օգտագործվել հզոր տրանզիստորների կոնստրուկցիաներում, չեն կարող դիմանալ 250 oC-ի հասնող ջերմաստիճանային հարվածներին: Սիլիցիում-մոլիբդեն զույգի մոտ դրությունն այլ է, նրանց գծային չափերի հարաբերական ընդարձակումները մոտ են, հասնում են մոտ 20 նանոմետրի, ինչը գտնվում է սիլիցիումի առանձգական դեֆորմացիայի տիրույթում: Պղինձ-սիլիցիում զույգի մոտ անհամատեղելիության այդ ցուցանիշը 116 անգամ ավելի է, ինչը սիլիցիումային բյուրեղը դուրս է բերում առանձգական դեֆորմացիայի սահմաններից ու տանում պլաստիկ դեֆորմացիայի, և բյուրեղը, իրենից փխրուն նյութ ներկայացնելով, անպայմանորեն փշրվելու-խշրվելու է, սա արդեն այն ֆիզիկան է, որը դրված է նյութերի դիմադրություն ինժեներական գիտության հիմքում, ինժեներներին սրանք քաջ հայտնի են, նյութերի ջերմային ընդարձակման ֆիզիկական երևույթը հաշվի է առնվում կամուրջների, երկաթգծերի, էլեկտրահաղորդման գծերի և ինժեներական այլ կարևոր օբեկտների նախագծման ու կառուցման ժամանակ:
Տրանզիստորների նախագծման հայկական շկոլայի մասնագետները պետք է իմանային, որ 1000 դեպքից 1000-ում սիլիցիում-պղինձ կոնտակտային զույգի պարագայում սիլիցիումային բյուրեղը չի դիմանալու, փշրվելու է: Սիլիցիումը շատ զգայուն է ջերմաստիճանային զգալի տատանումների նկատմամբ՝ նույնիսկ առանց կոնտակտային նյութերի առկայության: Այդ է պատճառը, որ դիֆուզիայի տեխնոլոգիական պրոցեսից հետո սիլիցիումային թիթեղները ջերմաստիճանային ռեժիմներից (950 oC) դուրս են բերվում շատ դանդաղ՝ 24 ժամվա ընթացքում, սակայն դա էլ չի երաշխավորում, որ որոշակի քանակությամբ թիթեղներ (10-20 տոկոսի չափով) չփշրվեն: Մեր ընթերցողներից ոմանք բողոքում են, որ շատ եմ տարվում մասնագիտական, իրենց անհասկանալի քննարկումներով, բայց նրանց հետ համաձայնել չեմ կարող, որովհետև մասնագիտական խնդիրներին չտիրապետող, սիրողական մակարդակներում իրենց գիտուն ներկայացնող, բոլորին և բոլոր ուղղություններով ղեկավարող չինովնիկությունից են գալիս ներկայիս ու մեր նախկին անհաջողությունները, անգամ ԽՍՀՄ փլուզումը: Երկրում տեղի ունեցող բոլոր պրոցեսները ճիշտ հասկանալու համար պետք է հիմնվել մասնագետների մասնագիտական, բայց ոչ կուսակցական-պետական-քաղաքական գործիչների սիրողական դատողությունների վրա, հատկապես այն բնագավառներում, որտեղ երկրի ճակատագիրն էր որոշվում: Օրինակ, մեր տնտեսության գլխին փորձանք դարձած Փաշինյան-նախագահ Սարգսյան զույգը շարունակում է երկիրը տանել դեպի կործանում՝ իրենց գլխավերևում պահելով պարզունակության ու արհեստական բանականության փուչիկները: Դրանք մեկից մեկ պարզ են ու հասկանալի, նաև վիրավորական պրոֆեսիոնալ մասնագետի համար։ Հարց է՝ ինչպե՞ս դա բացատրես շարքային քաղաքացիներին, որոնք պատրաստ չեն թացը չորից ջոկելու ու մտածելու այդ պոպուլիստներից երկիրը ազատագրելու մասին: Հիշենք նախագահ Սարգսյանի Ճապոնիա կատարած վերջին այցը և հայ-ճապոնական առաջիկա գործարար համաժողովը Ճապոնիայում անցկացնելու նրա հիմնավորումը. «Հայաստանում բոլորն են ծանոթ ճապոնական ապրանքներին, բայց ճապոնացիները չգիտեն, թե մենք ինչեր ենք արտադրում, համաժողովը Ճապոնիայում անցկացնելը թույլ կտա ներկայացնել նաև հայկական արտադրանքը»: Կռիլովի «հսՏվ Ռ ԾՏրՖՍՈ»-ի պատմությունն է սա և ոչինչ ավելի։ Ապրանքների ի՞նչ տեսականիով ենք ներկայանալու ու զարմացնելու ճապոնացիներին՝ մի կողմ դնելով չիրն ու չամիչը կամ գինին ու կոնյակը։ Ինձ նման քանի՞ հայ մասնագետ հնարավորություն կստանա մեկնելու Ճապոնիա և ու՞մ հաշվին: Ճապոնիան Հայաստանի համար լուրջ շուկա չի դառնա, ենթադրում եմ, որ Հայաստանի նախագահը Ճապոնիայում, Եվրոպայում, արաբական երկրներում և այլուր իր հետաքրքրասիրությունն ու բիզնես հետաքրքրություններն է բավարարում, ընդամենը, և այդ ամենն արվում է Հայաստանի հաշվին, «Հայաստանի շահերից դրդված», Հայաստանի անունից, մեր նախագահի «ազգանվեր» ու «ազգօգուտ» գործերին չեմ հավատում:
Մեկ այլ օրինակ: Մի քանի տարի առաջ Արա Աբրահամյանը Հայաստանում ինվեստորների մի պատկառելի համաժողով էր հրավիրել՝ 500 մասնակցով: Համաժողովը ավարտվեց կերուխումով և կուլտուրական միջոցառումների հարուստ ծրագրով, իսկ դրանից ի՞նչ ստացավ Հայաստանը. բացարձակ ոչինչ: Համաժողովին ներկա էր «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Ռուսաստանի մեքենաշինարարների միության» նախագահ, գեներալ-գնդապետ Սերգեյ Չեմեզովը, բավական ազդեցիկ մի մարդ։ Նա Պուտինի աջ ձեռքն է: Սերգեյ Վիկտորովիչին այսպիսի հարց տվեցին՝ քանի՞ հոգի է իրեն դիմել կոնկրետ բիզնես առաջարկով: Նա մեր կողմի պասիվության վրա ուղղակի զարմացել էր:
-Պատկերացնու՞մ եք, ոչ մեկը:
Չեմիզովի համար անբացատրելի այդ իրողությունն ունի իր բացատրությունը. ներդրողների համաժողովին մասնակցելու համար պետք էր 500 դոլարի մուտքային վճարումներ կատարել՝ յուրաքանչյուր մասնակցի համար, 500 մասնակից և 500-ական դոլարներ, կազմում է 250 հազար մաքուր եկամուտ. կազմակերպիչների համար վատ արդյունք չէ: Բայց ի՞նչ անեն, իրենց կոլեգաների հետ ո՞ր հարթակներում հանդիպեն հայ գործարարները, ովքեր բիզնես աշխարհին առաջարկելու բաներ շատ ունեն: 30 տարի շարունակ Հայաստանում տարբեր ներդրումային միջոցառումներ են անցկացվել, որոնք սկսվել ու ավարտվել են բարձրաստիճան ու ժամանակակից տնտեսությունից գաղափար չունեցող պետական պաշտոնյաների դատարկամիտ ելույթներով՝ միջազգային հնարավոր համագործակցություններից հեռու պահելով պրոֆեսիոնալ հայ մասնագետներին, մեկուսացնելով, սահմանազատելով ու սահմանափակելով նրանց գործարար ազատության աստիճանը, արդյունքները տեսանելի են, դրանք զրոյական արդյունքներ են, ինչը մարդիկ տեսնում են իրենց առօրյա կյանքում:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ